среда, 14 января 2009 г.

Քոչարյանի «տյոմնայա լաշադկան»

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ջանք ու եռանդ չի խնայում ակտիվ քաղաքականություն մտնելու համար` կարծում եմ կասկած չի հարուցում:
Բայց առայժմ նա չի ցանկանում առաջին գիծ մտնել: Դա Ռոբերտի ոճի մեջ է. Ղարաբաղում էլ էր այդպես, երբ նա Սամվել Բաբայանի միջոցով էր ջրի երեսին մնում, Հայաստանում էլ` երբ Ռոբերտի հույսը Սերժի «կարդինալությունն» էր: Ռոբերտը այլ ձևեր չգիտի: Ու պարզ է, թե ինչո՞ւ, երբ նա որոշեց առանձին խաղ սկսել /Սերժից տարանջատված/` ստացվեց «Բարգավաճ Հայաստան»: Ռոբերտի պատկերացրած քաղաքականությունը «ստամոքսային» է: Այսինքն` մարդկանց պետք է մի բան բաժանես ու վերջ: Դրա համար էլ ստեղծվեց «Բարգավաճ Հայաստանը», որը տուկի թել, կարտոֆիլի սերմացու ու գոմաղբ էր բաժանում, որպեսզի Դոդի Գագոն մտնի խորհրդարան ու Ռոբերտը կարողանա վարչապետ դառնալ: Գագոն մտավ խորհրդարան, բայց այնպես չմտավ, որ Ռոբերտն էլ կարողանար կառավարության շենք մտնել: Արդյունքում, Ռոբերտը դարձավ լքված կղզու նահանգապետ. այն է` երիտթոշակառու: Ու հիմա, երբ նա կրկին ուզում է տուռնիկից կախվել` խաղի մեջ է մտցրել «Վիվասելի» տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Վերջինս այժմ նույն ֆունկցիան է կատարում, ինչը որ ժամանակին Դոդի Գագոն: Տարբերությունն այն է, որ Ռալֆն ավելի ցիվիլ տեսք ունի և չունի Դոդի տեսքը, անցյալն ու դանդալոշ բառապաշարը: Եթե նկատել եք` Ռալֆը դարձել է Հայաստանի Ձմեռ Պապին: Օր չկա, որ Վիվասելի տնօրենը մի բան չնվիրի տառապած հայ ժողովրդին, կամ մի սոցիալական նախագիծ չիրականացնի: Դա նույնպես դոդական տեխնոլոգիա է: Պարզապես տուկի թելի փոխարեն ջրագիծ է բացվում: Կամ էլ գոմաղբի փոխարեն ուրիշ բան է նվիրվում բազմաչարչար հայ ժողովրդին: Ռալֆի կերպարը լավ է ընտրված. փողատեր է, համեստ է պահում իրեն, սփյուռքահայ է, բարեգործ է և ամենակարևորը` քաղաքականությունից չի խոսում: Քաղաքականապես անգրագետ հայ ժողովրդի համար սա էքստազի վերջն է: Ռալֆն այժմ բավական բարձր ռեյտինգ ունի: Մարդը ոչինչ չխոսելով` ռեյտինգ է հավաքել, իսկ դա հնարավոր է միայն Հայաստանի պես երկրում, որտեղ ինչ-որ արկադիվարդանյաններ կարող են հեղինակություն ունենալ, կամ էլ թլոշ լեզվով արամկարապետյաններ կարող են երեք ամիս «ռասկրուտկա» լինել ու 2003-ի նախագահական ընտրույթուններում բավական լուրջ ձայներ հավաքել: Իսկ մեր կարծիքով, Ռալֆը ռեյտինգ է հավաքում ոչ իր նախաձեռնությամբ: Ես կարծում եմ` դա Ռոբերտի խաղն է` հետևյալ պատճառով. ՀՀ-ում կան 3 հիմնական խաղացողներ` Լևոնը, Սերժը և Ռոբերտը: Միայն այս 3-ը լրատվամիջոցներ ունեն և, հետևաբար, նրանք կարող են ինչ որ մեկին «ռասկրուտկա» անել: Սերժին դա ձեռք չի տա, քանի որ գործող նախագահը երբեք չի ուզենա, որ մեկ ուրիշը իրենից բարձր ռեյտինգ ունենա /իսկ Ռալֆը հաստատ Սերժից բարձր ռեյտինգ ունի հիմա/: Լևոնին էլ պետք չէ, որ ուրիշը «ռասկրուտկա» լինի, քանի որ գործող ընդդիմության լիդերին ձեռնտու չէ այլ գործչի լայն հեղինակությունը` ցանկացած դրսևորմամբ: Մնաց Ռոբերտը: Տուկիթելային PR-ի ձևը փոխած, բայց բովանդակությունը նույնը պահած քայլերով` Ռոբերտը «նավսյակի» Ռալֆին էլ է խաղացնում: Ռալֆին կարող են բրդել դեպի վարչապետական աթոռ: Հայտնի է, որ Ռոբերտը Վիվասելի փաստացի տերերից է: Եվ, հետևաբար, Ռալֆը կատարում է իր փաստացի ղեկավարի հրահանգները: «Միամիտ» արտաքինով այդ սփյուռքահայը փորձում է մտնել հայ ժողովրդի սիրտը` իր «անշահախնդրությամբ» և արևմտահայ բարբառով: Ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի իռացիոնալ կերպով է սփյուռքահայ Րաֆֆի Հովհաննիսյանը սիրվում հայության մի մասի կողմից` կարելի է ենթադրել, թե որտեղից է ստեղծվում դրական վերաբերմունքը Ռալֆի հանդեպ: Ոչ մի տեղից… Ռալֆը դեռևս քաղաքական բառակապակցություններ չի արտահայտում, բայց երբ պետք եղավ, չկասկածե’ք, հայ ժողովուրդը կգնա նրա քաղաքական կոչերի հետևից: Այս ամենը, թերևս, հաշվարկել է նաև Ռոբերտ Քոչարյանը: Առայժմ Ռալֆը «տուկի թել» բաժանելով է զբաղված: Հետո նրան կարելի է վարչապետ դարձնել, իսկ հետո Ռոբերտն արդեն սեփական խաղը կսկսի:
Ռոբերտը Ռալֆի վրա է «ստավկա» անում նաև այն պատճառով, որ վերջինս չի կարող նախագահի թեկնածու դառնալ /քաղաքացիության խնդիր կա/ և այդ առումով վտանգավոր չէ: Ռոբերտի տառապանքը փորձ ունի. ում աջակցում է ` լքում են իրեն: Սերժը ապերախտ դուրս եկավ, Մուկն ու Դոդը` նույնպես: Մնում է Ռալֆը: Մշտաժպիտ, ՀՀ քաղաքացիություն չունեցող, իր ենթակա ու պատկան Ռալֆը: Եվ ուրեմն հետևենք Ռալֆի քայլերին և տեսնենք, թե նրա «տուկիթելերը» դեպի ու՞ր են տանում մեզ:


Արմեն Վարդանյան

Комментарии: 2:

В 15 января 2009 г. в 15:17 , Anonymous Анонимный сказал(а)...

Լավ հոդված էր, բավականին կարևոր ինֆորմացիա պարունակող։

 
В 24 января 2009 г. в 16:14 , Anonymous Анонимный сказал(а)...

Harust barapashar, urishneri kextot lvacqy qchporelu yndunakutyun unecox juraqanchjur voq nman hodvac kxzbzer...hetevutyunnery dzez.

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница