суббота, 20 декабря 2008 г.

Սերժ Սարգսյանի «արևելյան ճեպընթացը»

Այն, ինչ տեղի է ունենում Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության հետևանքով` զարմացրել է /նաև զայրացրել/ շատերին և հատկապես ազգային ու ազգայնական շրջանականերին: Ո՞վ կպատկերացներ, որ ընդամենը մի քանի ամիս նստելով ՀՀ նախագահի աթոռին` Սերժ Սարգսյանը Հայոց Ցեղասպանության հարցը դուրս կբերեր արտաքին քաղաքականության օրակարգից, Ղարաբաղի շուրջ հանձնողական և պարտվողական տրամադրութուններ կսերմաներ և կստորագրեր մի հռչակագիր, որտեղ կբացակայեր Ղարաբաղի ստորագրությունը: Եվ սա դեռ վերջը չէ: Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» թեթև ձեռքով Թուրքիան մտել է Կովկասի «մատի և մատանու» արանքը: Այսինքն` ձևավորում է Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ֆորմատ, ինչը Սերժի քիրվայական քաղաքականության հետևանք է: Քիրվայությունը Սերժի համար երեք կարևորագույն ֆունկցիա է կատարում: Առաջինը. ներքին լեգիտիմության բացը լրացնել արտաքին քաղաքական քայլերով: Այդ առումով Թուրքիայի հետ հարաբերությունների քիրվայացումն այնքան կարևորվեց Սերժ Սարգսյանի համար, որ Հայաստանում թուրքական մթնոլորտ էր տիրում: Սերժը Գյուլին դիմավորելու քարոզչությամբ հիշեցնում էր 20-րդ դարասկզբի այն ժամանակները, երբ Ալեքսանդրապոլում տեղացիները թուրքերին աղ ու հացով էին դիմավորում, իսկ Երևանի ու Վանաձորի քաղաքային խորհուրդները պրոթուրքական որոշում էին ընդունել: Այսինքն, Սերժը մեզ վերապրեցրեց ալեքսանդրապոլյան աղուհացի «բարի» մթնոլորտը:
Երկրորդ. Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելով` Սերժ Սարգսյանը նաև նպատակ ունի չեզոքացնել իր մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանի առավելությունները: Մինչև այժմ Տեր-Պետրոսյանը դիտարկվում էր որպես ՀՀ արտաքին քաղաքականության այլընտրանքային մոտեցման տեր գործիչ: Տեր-Պետրոսյանի բանաձևը հետևյալն է. ՀՀ-ն կարող է զարգանալ, եթե արտաքին կոմունիկացիաները Թուրքիայի և Ադրբեջանի հետ բացվեն: Եվ որպեսզի այդ կոմունիկացիաները բացվեն` անհարժեշտ է նշյալ երկրների հետ գնալ հաշտեցման ճանապարհով և, հետևաբար, Թուրքիայի մասով պետք է ցեղասպանության հարցը հանել ՀՀ արտաքին քաղաքականության օրակագրից և դա թողնել Սփյուռքին, իսկ Ադրբեջանի մասով էլ հարկավոր է արագ լուծում գտնել Ղարաբաղի հարցում: Այժմ Սերժ Սարգսյանը գնում է հենց Տեր-Պետրոսյանի նշած ճանապարհով /կամ էլ ձև է անում, թե գնում է/, բայց նա այնքան է աղավաղել լևոնական գաղափարները, որ երևի Տեր-Պետրոսյանն ինքը ստիպված հրաժարվի դրանցից: Սերժին հենց դա էլ պետք է: Ինքը շատ լավ գիտե, որ մարդիկ հիմնականում քվեարկել են Տեր-Պետրոսյանի օգտին, ուստի, մտածում է նա, պետք է անել այն, ինչի մասին խոսում է Լևոնը: Իսկ եթե Լևոնը հրաժարվի իր գաղափարներից, ապա մեխանիկորեն դուրս կմնա քաղաքականությունից, քանի որ 16 տարի ապրել ու ապրեցրել է այդ գաղափարներով: Սերժի քիրվայությունը այժմ իսկական դիսկոմֆորտ է առաջացրել Լևոնի մոտ: Սերժը, զուտ ձևական առումով, անում է այն, ինչ որ քարոզում էր Լևոնը Տեր Պետրոսյանը, սակայն բովանդակային մասով Լևոնի գաղափարները լրիվ ձևախեղվել են: Այսպես, Տեր-Պետրոսյանը երբեք կողմ չի արտահայտվել Ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, իսկ Սերժը դա արեց: Ղարաբաղի հարցում էլ Լևոնն այդքան հեռու չէր գնացել, որքան որ Սերժը: Բայց քանի որ մեր ժողովուրդը քաղաքականապես դեռ այդքան հասուն չէ, ուստի Սերժի և Լևոնի մոտեցումները արդեն նույնանման են ընկալվում, ինչն էլ հարվածում է Տեր-Պետրոսյանի շարժմանը: Սերժի մինի-խնդիրն էլ հենց դա էր: Ասել, որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է այն գաղափարներով, ինչն ուզում է ներկայացնել ներսին ու դրսին` նշանակում է լինել միամիտ: Սերժ Սարգսյանը գաղափարներ չունի: Նա եղել է Ադրբեջանին ծառայող Կեվորկովի օգնականը, եղել է լիբերալ համարվող ՀՀՇ-անդամ, եղել է /նաև կա/ ազգայնական համարվող ՀՀԿ-ական: Այսինքն, գաղափարական առումով Սերժին վերլուծելը ճիշտ չէ: Նրան պետք է դիտարկել այլ տեսանկյունից. փող և իշխանություն: Վերջինը նրան հարկավոր է շատ փող ունենալու համար, իսկ փողն էլ` մյուս նպատակին հասնելու համար: Եվ ահա այստեղ է պետք հասկանալ հայ-թուրքկան քիրվայության ձգտման սերժական քայլերի երրորդ ֆունկցիայի էությունը, որն ավտոմատ կերպով առաջանում է առաջին երկու ֆունկցիաներից հետո: Արտաքին և լևոնական ընդդիմության թույլ ճնշումների պարագայում ազգային ուժերն են դառնում Սերժի հիմնական հակառակորդը: Ազգային ուժերն են ընդդիմանալու ղարաբաղյան խայտառակ զիջումներին ու Թուրքիայի հետ նվաստացուցիչ հաշտեցմանը /ցեղասպանության մոռացություն, սահմանների ճանաչում, թուրքիայի ճնշմամբ զիջումներ Ղարաբաղում և այլն/:
Հետաքրքիր է, որ մինչ այժմ Սերժն էր ընկալվում ազգային գործիչ և ահա թե ինչու: Մինչև Գյուլի հետ մեղրամիսը` Սերժ Սարգսյանն ընկալվում էր, եթե ոչ ազգայնական, ապա առնվազն ազգային գործիչ: Եթե հիշում եք, նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ-Լևոն հակադրությունը մատուցվում էր որպես ազգայինի ու կոսմոպոլիտի /կամ ապազգայինի/ հակադրություն: Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանական քարոզչամեքենան կոչում էր Լևոն Էֆենդի և անընդհատ մեջբերումներ էին արվում թուրքական մամուլից, որով բացահայտվում էր Լևոնի իբր թուրքամետությունը: Ղարաբաղի հարցում էլ Սերժը ձգտում էր ազգային իմիջով հանդես գալ: Լևոն Տեր-Պետրոսյանի` ղարաբաղյան խնդրի արագ լուծման հայեցակարգի ֆոնին` Սերժը մատուցվում էր որպես կարծր-ազգային գործիչ: Երբ նախընտրական փուլում լրագրողները Սերժին խնդրեցին մեկնաբանել Տեր-Պետրոսյանի այն խոսքերը, թե ինքը միայն 3 տարով է ուզում նախագահ դառնալ, Սերժն ասաց, որ երևի Լևոնին այդքան ժամանակ է պետք, որպեսզի Ղարաբաղը ծախի, իմա` Սերժը ծախող չէ: Այիսնքն, կրկին հակադիր տեսակետների դաշտ էր ստեղծվում` «ծախող» Լևոնի և «չծախող» Սերժի միջև: Իսկ այժմ, երբ Սերժ Սարգսյանը հայտնվել է Բաղրամյան պողոտայում` իրականացնում է այնպիսի քայլեր, որոնք նույնիսկ հայ ծայրահեղ պացիֆիստները չէին պատկերացնի: Բայց Սերժի խնդիրը ոչ միայն Լևոնի դաշտը վերցնելն է, այլև բոլոր տիպի ընդդիմադիրներից ազատվելը` Թուրքմենբաշի դառնալու նպատակով: Իսկ նրա ներկա քայլերով ընդդիմադիր են դառնում այժմյան ֆորմալ յուրայինները` նժդեհականներն ու դաշնակները, ազգային ուժերն ու կռված տղերքը, և ի վերջո ազգային անվտանգության խնդիրներով մտահոգ ժողովուրդը: Սերժն այժմ խաչակրաց արշավանք է սկսել նշյալ ուժերի դեմ: Առայժմ վարվում է զուտ քարոզչական պատերազմ: Քանի դեռ Տեր-Պետրոսյանի շարժումը չի մարել, Սերժը ազգային ուժերի դեմ միայն քարոզչական պատերազմ կվարի: Իսկ երբ Լևոնը խաղից լրիվ դուրս գա` կսկսվի իսկական պատերազմ Սերժի ու իրական դաշնակների, Սերժի ու իրական նժդեհականների, Սերժի ու կռված տղերքի, և, ի վերջո, Սերժի ու Ղարաբաղի, Սերժի ու Հայաստանի միջև: Եթե Սերժին հաջողվի իրականացնել այս ծրագիրը, ապա մենք կունենանք տոտալիտար իշխանություն` թուրքական կառավարման մշակույթի էլեմենտներով համեմված: Սերժի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ փակել արտաքին աշխարհի աչքերը ՀՀ ներքին խնդիրների վրա, Տեր-Պետրոսյանին կանգնեցնել սեփական գաղափարների իրականացումը քննադատելու կամ էլ դրանցից հրաժարվելու փաստի առաջ և այդ կերպ ներքաղաքական դիվիդենտներ հավաքել:
Եվ վերջապես. Սերժն, իրոք, ցանկանում է արագ լուծել Ղարաբաղի հարցը /բնականաբար զիջումներով/ և գնալ հայ-թուրքկան հաշտեցման` ցանկացած գնով, որպեսզի դրսից և Լևոնից քարտ բլանշ ստանա իր իրական հակառակորդներին` այսինքն ազգային ուժերին ոչնչացնելու համար: Ի վերջո, ըստ Սերժի, եթե ազգային հարցեր չլինեն, ապա չեն լինի նաև ազգային ուժեր և այլևս կարելի է մտածել հավերժ իշխանության մասին: Պահի վտանգավորությունն այն է, որ ազգային ուժերի դեմ պայքարում Լևոնը Սերժին չի խանգարի: Պատահական չէ, որ լևոնենք հանրահավաքները դադարեցրել են ղարաբաղյան պատրվակով և մղում են Սերժին դեպի արագ լուծումներ: Այսինքն պաշտոնական ընդդիմությունը չի ընդդիմանում Սերժի, լևոնենց իսկ բնութագրմամբ, ոչ հայանպաստ քայլերին: Այս պայմաններում Սերժի ձեռքերն ազատվում են ցանկացած զիջման գնալու և’ Թուրքիայի, և’ Ադրբեջանի մասով: Հիմա Սերժը Լևոնից այնքան էլ չի վախենում: Նրա վախը իրական նժդեհականներն ու դաշնակներն են, կռված տղերքն ու ազգային բոլոր ուժերը: Նշվածները գաղափարական հակառակորդ են նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, ուստի նրանց դեմ պայքարում Սերժը դիմադրության չի հանդիպի լևոնական ընդդիմության կողմից, իսկ արտաքին աշխարհին էլ ցույց կտա, որ իր «առաջադիմական» գաղափարների իրականացմանը խանգարում են «էս հողապաշտ ու ցեղասպանությունը չմոռացող ուժերը»: Արևմուտքի քաղքենիներին դա դուր կգա , իսկ Լևոնը դժվար թե դիմադրի Սերժի այդ պլաններին: Այսինքն, զուտ իշխանության պահպանման նպատակով Սերժը գնում է հակաազգային քայլերի: Բայց իր այդ մոտեցումներով ու արևելյան ճեպընթաց խաղերով, Սերժը կարող է դառնալ «Արևելյան ճեպընթացի» ուղևորը: Այն ուղևորը, որի ճակատագիրը շատ գեղարվեստորեն ներկայացրել էր Ագաթա Քրիստին իր «Արևելյան Ճեպընթաց» ստեղծագործության մեջ: Ագաթա Քրիստիի նկարագրած դեդեկտիվի մեջ` ճեպընթացի բոլոր մյուս ուղևորներն իրենց հին հաշիվներն ունեին այն մի ուղևորի հետ , ով միևնույն վագոնում էր: Թե ի՞նչ եղավ այդ մի ուղևորի հետ` կարող եք ծանոթանալ Ագաթային ընթերցելով կամ վերընթերցելով: Չպետք է մոռանալ, որ Հայաստանն արևելյան երկիր է, և Հայրենիքը, կրոնը, սպանված նախնիներն ու կինը առևտրի առարկա չեն կարող դառնալ` մանավանդ նշված արժեքների դեմ ոտնձգություններ իրականացնողների հետ հարաբերություններում: Սերժը կրակի հետ է խաղում…


Արմեն Վարդանյան

Комментарии: 0:

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница