четверг, 18 декабря 2008 г.

Հրաշք շագանակի սպասումով

Թեեւ խոստացել էի հնարավորության դեպքում պատասխան հղել Մովսես Կարապետյանի` ինձ ուղղված հոդվածին, սակայն այցելելով «Տեսակետ» բլոգ, հանդիպելով նրա «Մոլորյալները պետք է խելքի գան» հոդվածին` որոշեցի անպայման ժամանակ հատկացնել եւ պատասխան գրել: Եվ այսպես, սկսենք կետ առ կետ վերլուծել հարգարժան Մովսեսի կարծիքը Սերժ Ազատի Սարգսյանի եւ Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանի նմանությունների մասին:
Մովսես Կարապետյանը գրում է.
Երկուսն էլ Ղարաբաղը կհանձնեն: Պարզապես մեկը դա կանի առանձնակի հաճույքով ու կտա դրա քաղաքական հիմնավորումը, իսկ մյուսը` հանգամանքների բերումով:
Այս արգումնետը անհիմն է եւ լիովին զուրկ է որեւէ տրամաբանությունից: Ինչու ասյպես կոշտ: Մեկնաբանեմ, որ դուք, տալով Ձեր իսկ բացատրությունը այս թեմային, ասում եք, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը դա կանի առանձնակի հաճույքով, իսկ Սերժ Սարգսյանը` հանգամանքների բերումով: Դուք ինձ եք մեղադրում արգումենտ չբերելու մեջ, սակայն ինքերդ էլ արտահայտում եք մի անհիմն միտք: Նախ ոչ ոք չի տեսել, թե ոնց են Սերժն ու Լեւոնը հանձնում Ղարաբաղը: Դեռեւս ոչ ոք չի հանձնել: Դուք խոսում եք այս փաստի վերաբերյալ այնպես, կարծես ի վիճակի եք կարդալ երկուսի մտքերը, կամ էլ վստահ ճանաչում եք երկուսին` երկար ժամանակ հետեւելով նրանց վարքուբարքին: Այսինքն` արգումենտ չկա: Ասում եք` Լեւոնը առանձնակի հաճույքով կտար Ղարաբաղը: Եղբա՛յր, որեւէ բանական մարդ կանի՞ այդպիսի քայլ, այն էլ առանձնակի հաճույքով: Ուրեմն Լեւոնը գրավի եւ Հայաստան պետությանը միացնի Ղարաբաղը, որ առանձնակի հաճույքով տա՞: Չլինի՞ ինքներդ էլ հավատում եք «Հայոց աշխարհի» գորշ գայլերի մասին պատմած միֆերին եւ վստահ եք, որ Լեւոնը թուքրերի գործակալն է եւ կրոնով էլ մահմեդական է: Իրոք, եթե ուզում եք փաստեր, ապա ինչու դուք էլ փաստ չեք ներկայացնում: Ուշադիր ընթերցեք Ձեր 3 հոդվածները եւ ցույց տվեք մի կատարված փաստ կամ որեւէ ռեալ քայլ, որով Լեւոնը առանձնակի հաճույքով փորձել է հանձնել Ղարաբաղը:
Իսկ եթե Դուք նկատի ունեք այն, որ Տեր-Պետրոսյանը կողմ է փոխզիջումներին, եւ Դուք դեմ եք դրան, ապա Ձեզ տեղյակ պահեմ, որ նույնիսկ գերտերությունները պատմական յուրաքանչյուր էտապում, երբ գրավել են հակառակորդից տարածքներ, ապա երբեք ամբողջը չեն կարողացել պահել: Իսկ մենք, մի պստիկ Հայաստան լինելով, ուզում ենք ինչքան որ նվաճել ենք, բոլորն էլ պահենք: Բանակցություններում չենք դրել պատմականորեն հողերի մեր լինելու փաստը, դրա համար էլ այլեւս խոսքը չի գնում ազատագրյալ տարածքների մասին, այլ` գրավյալ: Դե եթե 10 տարի արտգործնախարարն էր կրկնում այդ տարածքների գրավված լինելը, այլ ոչ թե ազատագրած, ապա ոչ ես, հարգելի Մովսես, ոչ էլ Դուք ոչինչ անել չենք կարող:
· Երկուսն էլ ցեղասպանությունը առևտրի առարկա դարձնող են:

Հեղինակի այս միտքն էր, որ ինձ ստիպեց պատասխան գրել սույն հոդվածի համար: Բարեկամ, արդյոք ունեք որեւէ փաստ: Միայն ուրախ կլինեմ, եթե դուք ինձ համոզած լինեիք: Ես Ձեզ հասցեագրած նախորդ հոդվածում մեկնել էի փաստն առ այն, որ Ցեղասպանության հարցը արտաքին քաղաքականության ոլորտից հանելով մենք ավելի շահում ենք, քան` կորցնում: Եվ բացատրել էի, թե ինչպես են Եվրոպան, ԱՄՆ-ն եւ այլք մեր պատմական խարանը դարձրել իրենց համար զենք: Իսկ Դուք Սերժի ու Լեւոնի` միմյանց հակասող քայլերը միացնում ու նույնացնում եք: Ե՞րբ է ՀՀ Առաջին Նախագահը Ցեղասպանության փաստը առեւտրի հանել: Բացատրեք, ինձ համար շատ հետաքրքիր կլիներ Ձեր բացատրությունը, քանզի դուք այդ նախադասությամբ մի մեծ բանավեճի արենա եք պատրաստում` դրա տակ չունենալով որեւէ հիմք:Այս հոդվածի մեջ ինձ համար կար մի հետաքրքիր նորություն, որը ես չէի հանդիպել Մովսեսի նախորդ մտքերում:
· Թերևս Լևոնն է ավելի վտանգավոր, քանի որ Ղարաբաղի հարցում նա կգնար վտանգավոր զիջումների:

Նախ հիմնվելով սեփական ենթադրությունների վրա` համոզել մարդկանց, թե Լեւոնը կամ Սերժը /փաստերով խոսելու դեպքում պատկերը այլ կլինի վերջինի պարագայում/ չարիք է, կարծում եմ, ի սկզբանե սխալ է: Դա` առաջին: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Լեւոնը ավելի վտանգավոր է եւ ավելի լավ է Սերժը մնա, այ այստեղ հետաքրքիր ճեղք բացվեց կարծես: Փաստորեն Մովսես Կարապետյանը կողմ է բոլոր տեսակի ռեպրեսիաներին, կողմ է մարդկանց անհիմն բանտեր նետելուն, կողմ է տոտալիտարիզմին, կողմ է հասարակական բեւեռվածության էլ ավելի խորացմանը: Սակայն հարգելի Մովսես ես հանդիպել եմ Ձեզ պես մտածող շատ մարդկանց ու հիմա լիապես հասկանում եմ, թե ինչու դուք չեք ընդունում Լեւոնին, բայց Սերժին էլ չեք ընդունում, բայց եթե Լեւոնը լիովին անտանելի է, ապա Սերժի պարագայում մի քիչ դեռ «ռեսպեկտ» ունեք: Դա, ըստ իս, գալիս է դեռ 1996 թվականից: Դուք շատ-շատ մարկանց պես չեք կարողանում տանել այն փաստը, որ Վազգեն Մանուկյան անունով ոմն նախագահի հարատեւ թեկնածուն չդարձավ ՀՀ Նախագահ: Ճիշտ չէ Լեւոնին չսիրել միայն ամբիցիայի սկզբունքից ելնելով: Միգուցե սխալվում եմ, որ կարծում եմ, թե Դուք Վազգեն Մանուկյանի կողմնակիցն եք, սակայն դատելով Ձեր տրամադրվածությունից` այդպես է երեւում:

Հ.Գ.Բարեկամ, ինձ շատ է հետաքրքրում, թե Դուք ում եք նախընտրում: Ձեր հոդվածներում ամեն անգամ խոսում եք, թե պետք է Սերժին էլ, Լեւոնին էլ մոռանալ, բայց Դուք որեւէ դեղատոմս չեք առաջարկում: Չե՞ք նկատում, որ քաղաքական դաշտում միայն Լեւոնն ու Սերժն են մնացել: Երկնքից մանանա հո չի՞ իջնելու:

Philosopher

Комментарии: 0:

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница