среда, 3 декабря 2008 г.

Լևոնն ու Սերժը ձևով տարբեր են, իսկ բովանդակությամբ` նույնը

«Տեսակետ» բլոգի ընթերցողները գիտեն, որ հեռակա բանավեճ է ծավալվել իմ և Philosopher ներկայացած մեր ակտիվ ընթերցողի միջև: Ես պնդում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջև մեծ հաշվով տարբերություններ չկան, իսկ եթե կան էլ, ապա դրանք զուտ մարտավարական կամ ձևական բնույթ են կրում: Իմ օպոնենտը համաձայն չէ այդ տեսակետի հետ: Նրա կարծիքով, Լևոնն էականորեն տարբերվում է Սերժից: Մի խոսքով, ըստ իմ օպոնենտի, Լևոնը Սերժից լավն է:
Philosopher-ին և ոչ միայն նրան, ասեմ, որ այո՛, տարբերություններ Սերժի ու Լևոնի միջև կան, բայց դրանք ավելի քիչ են և ոչ բավանադակային, քան նմանությունները: Նախ Սերժն ու Լևոնը երկար տարիներ միասին են աշխատել: Լևոնը նրան բազում պատասխանատու պաշտոններ է վստահել: «Նմանս զնմանին կգտնե»` ասում է ժողովուրդը: Սերժին տարբեր գործերին նշանակելը մեզ պետք է հուշի, որ նրանք իդենտիկ մտածողություն ունեն, կամ էլ առնվազն Լևոնն է մտածել, որ Սերժն իր գաղափարակից ընկերն է: Հիմա, եթե Լևոնը մտածում է, որ Սերժն իր գաղափարակիցը չէ, ուրեմն ժամանակին սխալվել է: Եթե սխալվել է, ապա պետք չէ առասպելներ հյուսել Լևոնի մտքի ու կառավարման տաղանդի մասին: Իսկ եթե Լևոնը ժամանակին չի սխալվել Սերժի մասով, ուրեմն ճիշտ են մեր այն պնդումները, որ նրանք նույն գծի վրա են: Սա մեկ: Հաջորդը: Լևոնը պնդում է, որ Հայաստանում գործում է ավազակապետություն: Համաձայն եմ: Բայց նկատենք, որ ավազակապետության հիմնադիրը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է, և այն կադրերը, ովքեր ամբողջացրեցին ավազակապետությունը` հենց իր կադրեն էին: Եթե հիմա Լևոնը գտնում է, որ սխալ կադրային քաղաքականություն է վարել, ուրեմն նա վատ կառավարիչ է, և որեմն նրան չի կարելի երկիր վստահել: Իսկ եթե Լևոնը գտնում է, որ ճիշը կադրային քաղաքկանություն է վարել, ապա ստացվում է , որ տարբերություն չկա, թե ով կղեկավարի ավազակապետությունը` հիմադի՞րը, թե՞ավազակապետության նախկին սպասավորը: Սա երկու:
Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ կան օլիգարխներ և պետությունը հովանավորում է նրանց: Ճիշտ է, բայց թերի գնահատական է, քանի որ օլիգարխիայի առաջին ծիլերը երևացին հենց նրա օրոք: Գռզոն ու Թելման Տեր-Պետրոսյանը նորանկախ ՀՀ-ի առաջին օլիգարխներն էին, իսկ Լևոնի մյուս եղբայրը` Պետրոսը, վերահսկում էր «Ժե Բե-Կա»-ի ու շինարարական բիզնեսները: Սերժն էլ է նույնը անում: Օլիգարխ է իր եղբայր Սաշիկը: Օլիգարխ դառնալու ճանապարհին է Սերժի փեսա Միշիկը: Քոչարյանական օլիգարխներն են Դոդը, Լֆիկը և այլն: Այս առումով Լևոնի և Սերժի տարբերությունն այնքանով է, որքանով որ իրարից տարբերվում են Խաչատուր Սուքիասյանն ու Ֆլեշ-Բարսեղը, Սամվել Մայրապետյանն ու Կամո Տեր-Պետրոսյանը, Միքայել Բաղդասարովն ու Թելման Տեր-Պետրոսյանը: Արդարացի լինելու համար ասեմ, որ լևոնական օլիգարխներն ավելի ցիվիլ են: Ահա այստեղ է Սերժի ու Լևոնի ֆորմալ տարբերությունը, թե չէ օլիգարխը մնում է օլիգարխ, իսկ իշխանական հովանավորչությունն էլ մնում է հովանավորչություն: Ո՞րն է տարբերությունը:
Գնանաք առաջ: Լևոնենք ժամանակին ստեղծեցին «Չորրորդ իշխանություն» թերթը, որը հայհոյանքների տրափ էր թափում հակառակորդների վրա` բավական փողոցային ձևակերպումներով: Այժմ էլ նույնը անում է Սերժը` «Ազատամտություն» կոչված թերթի միջոցով: Տարբերութունն այն է, որ լևոնենք այդ գործը վստահել են Շողերին, իսկ Սերժը` Արտյոմ Խաչատրյան-Շիզոլինիին: Եթե կա տարբերություն գտնելու ցանկություն, կարող եք փորձել:
1996-ի ընտրություններից հետո Երևանի փողոցներում տանկեր հայտնվեցին, հիմա էլ նույնը տեղի ունեցավ: Տարբերությունն այն է, որ սերժենք ավելի արյունարբու գտնվեցին: Թե չէ և’ լևոնենց, և’ սերժենց նպատակները տարբեր ժամանակներում նույնն էր. պահել իշխանությունը: Լևոնը դա արեց մի ձևով, Սերժը` մեկ այլ: Ու դեռ հարց է, եթե դեպքերն այլ ուղղությամբ զարգանային, ապա 96-ին լևոնենք քանի զոհի պատճառ կդառնային:
Գանք մեր օրեր: Լևոնը գովերգում էր քիրվայությունը, իսկ Սերժը այնպիսի հռչակագիր ստորագրեց Մայնդորֆում, որ քիրվայության քառակուսի կարելի անվանել: Բայց քիրվայությունը մնում է քիրվայություն: Դրա լավն ու վատը չկա: Լևոնն ասում է պետք է գնանք արագ լուծման` Սերժն էլ է նույնը անում` առանց ասելու: Տարբերությունն այն է. որ Լևոնը կգնա մինչև վերջ, իսկ Սերժը, սեփական իշխանական շահերից ելնելով, կարող է ետ քաշվել:
Լևոնի ու Սերժի տարբերությունն այն է, որ Լևոնը համոզված քաղաքական գործիչ է , իսկ Սերժը` անգաղափար փողապաշտ: Բայց երկուսն էլ կարող են գնալ արագ լուծման, որն այսօր նշանակում է արագ կապիտուլյացիա: Տարբերությունը ո՞րն է: Ի դեպ, լևոնենք արդեն կարող են հրաժարվել /եթե , իհարկե, ուզում են մնալ քաղաքական դաշտում/ իրենց ղարաբաղյան մոտեցումներից: Թե չէ, Ալիևն ասում է Ղարաբաղն էլ, 7 շրջաններն էլ Ադրբեջանինն են, իսկ լևոնենք էլի շարունակում են, թե պետք է գնալ արագ լուծումների: Ո՞ր լուծումների: Զիջմա՞ն: Էդ դեպքում Սերժն ավելի անվտանգ «կենդանի» է: Նա գոնե հասկացել է, որ իր իշխանությունը պահելու համար Ղարաբաղի հարցում էշություններ չպետք է անել: Լևոնը 98-ից հետո համապատասխան վերլուծություններ չի արել: Դա արդեն լավ չէ /իր համար/: Էլ չեմ ուզում անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Սերժի ու Լևոնի մոտեցումներին: Ամեն ինչ պարզ է: Հայ-թուրքական հաշտեցման գինը Գյուլն ասաց. Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերում: Էլ ու՞մ է պետք այդ հաշտեցումը: Եվ ընդհանրապես, հարգելի Philosopher, Լևոնն ու Սերժը, փաստացի, քաղաքական աղբանոցում են հայտնվել: Արժե՞, որ մենք բանավիճենք նրանց շուրջ: Ավելի լավ չէ՞ ՀՀ ապագայի մասին խոսենք և դիսկուսիան տանենք այդ ուղղությամբ:

Հ.Գ.: Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը վերջերս հայտարարեց, որ հանրահավաքներն սկսելու ծանրակշիռ փաստարկներ առայժմ չկան: Այսինքն ստացվում է, որ լևոնենց հիմա ճիպոտով էլ չես քշի պայքարի: Բա՞ ասում էին պայքար, պայքար մինչև վերջ: Այդ վերջը տուն գնալը՞ եղավ: Ի դեպ, հոկտեմբերի 17-ի Լևոնի վերջին հանրահավաքին հայտարարված երկամսյա դադարի ժամկետի ավարտին մնացել է երկու շաբաթ: Հետաքրքիր է, դրանից հետո ի՞նչ պատճառ է բերվելու, երբ Լևոնը պայքարի դուրս չգա: Սերժն էլ է սիրում ժամկետներ նշել ու ծրագրերի մասին հեքիաթներ պատմել: Այստեղ էլ տղերքն իրար շատ նման են: Եվ ընդհանրապես, լավ կլիներ, որ Սերժն ու Լևոնը միանային. համ ավելի ազնիվ կլիներ, համ էլ գաղափարակից ընկերներ են ու իրար կես խոսքից կհասկանային: Սերժը կասեր Գյուլ, Լևոնը` խորիմաստ կժպտար: Սերժը կասեր Աղդամը մեր հայրենիքը չէ, իսկ Լևոնը, որպես «պատմաբան», դա կհիմնավորեր: Մի խոսքով, ջան կասեին ու ջան կլսեին:

Комментарии: 1:

В 7 декабря 2008 г. в 02:12 , Anonymous Анонимный сказал(а)...

Mardkutyan patmutyan mej goyutyun chuni qaxaqakan gorcich vor sxalvac chlini...aynpes vor grvacneri arnvazn kes antramabanakan e.

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница