суббота, 29 ноября 2008 г.

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵԲԵԼՍԸ

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ նորանկախ Հայաստանի ամենաանհաջող վարչապետը Տիգրան Սարգսյանն է: Եվ դա ոչ թե այն պատճառով, որ նրան Սերժ Սարգսյանն է նշանակել եւ ոչ էլ այն պատճառով, որ Տիգրանի կառավարման օրերը համընկան միջազգային ճգնաժամի հետ եւ նույնիսկ ոչ էլ այն պատճառով, որ նրա անվան հետ է կապվում ՀՀ ոսկու պաշարների վաճառքն ու դրամի փոխարժեքի խայտառակ քաղաքականությունը:
Տիգրան Սարգսյանը վտանգավոր է ՀՀ տնտեսության համար, քանի որ նրա գործունեությունը խորացնում է մեր բիզնես միջավայրում առկա խնդիրները: Տիկոյի քաղաքականությունը էլ ավելի է մեծացնելու ՀՀ-ի վրա միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը: Դատեք ինքներդ. ամբողջ աշխարհում ճգնաժամից փորձում են փուսափել հարկերը նվազեցնելով, իսկ Տիկոն՝ հակառակն է անում: Ամբողջ աշխարհում փորձում են հենվել մանր ու միջին բիզնեսի վրա, իսկ Տիկոն ոչնչացնում է ՀՀ-ում նոր-նոր ձեւավորվող միջին ձեռներեցությունը: Տիկոն վտանգավոր է նաեւ այն առումով, որ իր հիմարությունները փորձում է քողարկել իբր թե գրագետ ճառերի տակ: Ամբողջությամբ կոռումպացված պետական ապարատի պարագայում՝ վարչապետը անընդհատ տնտեսության պետական կառավարման քայլեր է ձեռնարկում /հիմնականում հարկային ու մաքսային տեռորի միջոցով/ եւ դրանով իսկ դնելով հայկական տնտեսության տապանաքարը:
Այսօր Հայաստանի համար օգտակար կլիներ նույնիսկ վարչապետի անգործությունը կամ, այլ խոսքերով տնտեսական գործերին չմիջամտելը՝ հարկային բեռի թուլացման տեսքով: Այնինչ վարչապետը ճիշտ հակառակն է անում: Իհարկե այդ ամենի գաղափարախոսը Սերժ Սարգսյանն է, ով սեփականության վայրի վերաբաշխում է իրականացնում: Բայց Տիկոյի վտանգավորությունն այն է, որ Սերժի հրեշավոր ծրագրերին նա փորձում է արդարացումներ ներկայացնել: Կարճ ասած Սերժը դա հայկական Հիտլերն է, իսկ Տիկոն՝ Գեբելսը:Եվ դժվար է ասել, թե հիտլերներն են ավելի վտանգավոր, թե գեբելսները: Ճիշտն ասած երկու կերպարներն էլ վտանգավոր են: եւ որպեսզի Հայաստանը փրկվի պետք է երկուսն է չքվեն քաղաքական դաշտից, բայց քանի որ սույն հոդվածի քննարկման առարկան վարչապետի կերպարի բացահայտումն է, ուստի ճիշտ կլինի, եթե մի փոքր վերհիշենք Հայաստանի նախորդ վարչապետներին:
Հայաստանի 3-րդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը քաղաքական ֆիգուր էր: Նա, 88-ի շարժման արդյունքում, բնականորեն զբաղեցրեց կառավարության 1-ին դեմքի տեղը: Վազգենը հեռացավ, քանի որ ուներ տարաձայնություններ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Տնտեսական առումով Վազգենի անունը կապվում է հողի սեփականաշնորհման հետ: Լավ էր այն արվել, թե վատ՝ այլ հարց է: Բայց հողի սեփականաշնորհումը այլընտրանք չուներ: Վազգենին հաջորդեց Գագիկ Հարությունյանը, ով նավթ ու սալյարկա բաժանող վարչապետի դեր ստանձնեց: Ժամանակներն էին այդպիսին:
Հետո եկավ Խոսրով Հարությունյանը: Նա քաղաքական թիմ չուներ եւ Բագրատյանի հետ կուլսիային պատերազմը պարտվելով՝ հեռացավ կառավարության շենքից ու հիմա Սերժին քծնելով է զբաղված՝ ձեռքի հետ գազի լցակայան աշխատացնելով:
Խոսրովի տեղը զբաղեցրած Հրանտ Բագրատյանը ամենաշատ քննադատվող վարչապետներից էր: Ու դա բնական էր, քանի որ սեփականաշնորհման գործընթացները հենց նրա պաշտոնավարման տարիներին թափ առան: Մեկնաբանությունները այստեղ ավլորդ են:
96-ի նախագահական ընտրություններից հետո՝ քաղաքական իրավիճակը փոխվեց եւ այդ փոփոխությունը վարչապետական աթոռին նստեցրեց Արմեն Սարգսյանին, ով բացի անիմաստ ժպտալուց՝ չհասցրեց այլ բանով զբաղվել: Ասում են, որ նրան ծեծել ու հեռավոր Անգլիա էին ճանապարհել Վազգեն Սարգսյանն ու իր շրջապատը:
Ղարաբաղյան թեմայով ակտիվ քննարկումները Հայաստան բերեցին Ռոբերտ Քոչարյանին, ով վարչապետության կարճ պաշտոնավարումից հետո դարձավ ՀՀ նախագահ: Քոչարյանի վարչապետը Արմեն Դարբինյանն էր, ով չհասցրեց աչքի ընկնել որեւէ լուրջ քայլերով, բացի ՊԿՊ-ի շուկան ավիրելուց:
1999 –ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում վարչապետ դարձավ Վազգեն Սարգսյանը եւ «արհեստավարժ» կոչվող կառավարությունը՝ Արմեն Դարբինյանի գլխավորությամբ, անցավ թոշակի: Հոկտեմբերի 27-ից հետո վարչապետ դարձավ Արամ Զ.Սարգսյանը, ով բացի Շիրխանյանի ու Գագիկ Ջահանգիրյանի ազդեցության տակ ընկնելուց՝ այլ բանով չզբաղվեց:
Հետո եկավ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանը: Լավ էր այն, թե վատ՝ այլ քննարկման առարկա է, բայց տնտեսական աճ էր արձանագրվում: Անդրանիկի մահից /շատ կասկածելի հանգամանքներում/ հետո վարչապետ դարձավ Սերժ Սարգսյանը, ով այդ պաշտոնը ծառայեցրեց ՀՀ նախագահի բարձրունքներին հասնելու նպատակին: Երբ նախագահի աթոռը զավթեց Սերժը, վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը, ով մինչ այդ հասցրել էր ավիրել ՀՀ բանկային համակարգն ու փոշիացնել մեր ոսկիները:
Նշված բոլոր վարչապետները տարբեր կերպ են մտածել, տարբեր ժամանակահատվածներում են կառավարել եւ տարբեր թիմեր են ներկայացրել, բայց նրանք բոլորը /բացի Տիկոյից/ նպատակ են ունեցել գոնե չխանգարել տնտեսական գործընթացներին, քանի որ համոզված չեն եղել որ կարող են, եւ փորձել են օգնել այնտեղ, որտեղ դրա հնարավորությունը կա: Ի տարբերություն մնացած բոլոր վարչապետների՝ Տիկոն փորձում է քիթը խոթել ամեն տեղ / Սերժի ցուցմամբ/ ու քանի որ ինքնասիրահարված կիսագրագետ մարդ է՝ ավերում է ամեն ինչ, ինչին որ կպնում է: Դրա համար էլ նա ամենաանհաջող վարչապետն է:

Комментарии: 0:

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница