среда, 19 ноября 2008 г.

Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է վերադառնա

Ես համաժողովրդական շարժման ակտիվ մասնակիցներից եմ: Անկեղծ խոստովանեմ, որ զուտ նախընտրական փուլում կողմնորոշվեցի հօգուտ Տեր-Պետրոսյանի: Քոչարյանական լեքսիկոնից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը զուլալ ջուր էր մեր ժանգոտած ականջների համար:


Մինչև այժմ էլ իմ ընկերներով մասնակցում ենք հանրահավաքներին ու հավատում, որ մեր հավաքական ուժով կմաքրենք ավազակապետության ավգյան ախոռները: Բայց հոկտեմբերյան հանրահավաքից հետո մի տեսակ տարակուսանք ու նահանջ է պատել ինձ: Եվ ոչ միայն ինձ: Նախագահ Տեր-Պետրոսյանը նկարագրեց, որ Ղարաբաղին վտանգներ են սպառնում: Երբ նա խոսում էր, մենք ներքևում սպասում էինք, որ կոչ կլինի` ավելի վճռական պայքարել: Բայց տեղի ունեցավ անսպասելին. Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց պայքարի հանրահավաքային ձևը դադաեցնելու մասին, որպեսզի Սերժը անհարկի զիջումների չգնա: Հետո նշվեց, որ Ղարաբաղի հարցում 1-2 ամսում շրջադարձային գործընթացներ են սպասվում: Հետո եղավ մոսկովյան հռչակագիրը, որը Լևոն Տեր-Պետրոսյանը դաժան քննադատության ենթարկեց: Թվում էր, թե դրանից հետո կհետևի պայքարն ակտիվացնելու կոչ: Բայց կրկին ոչ: Այ, դրա հետ ես համաձայն չեմ: Եվ ահա թե ինչու: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը համոզված է, որ 2 ամսում Ղարաբաղի հարցում լուծում է լինելու և համոզված է , որ Մոսկովյան հռչակագրով երևում է, որ այդ լուծումը ի վնաս մեզ է լինելու, ուրեմն պետք է կոչ անի օր առաջ ազատվել այս իշխանություններից: Այլապես ստացվում է, որ Սերժը գնում է հակահայկական քայլերի, իսկ մենք տանը նստում ենք: Այդպես չի լինում: Անկեղծ ասած, նախընտրական փուլում, երբ խոսում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը զիջումներով փորձելու է կարգավորել Ադրբեջանի հետ հարաբերությունները` ես դա համարում էի նախընտրական «սև» քարոզչություն: Ինձ այդպես համոզում էին նաև Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցները բանտից, որտեղ Ժիրայրը խոսում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հող հանձնող նախագահ չէ: Բայց այժմ ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մի կողմ է քաշվում, որպեսզի Սերժը անհարկի զիջումների չգնա: Այսինքն, ոչ անհարկի զիջումներին Լևոն Տեր-Պետրոսյանը կո՞ղմ է: Երևի պատահական չէ, որ Ժիրայրենք այժմ տարանջատվում են Լևոն Տեր-Պետրոսյանից: Հավատացնում եմ, որ շարժման բազում մարդիկ դեպրեսիոն վիճակի մեջ են: Մի կողմից այս վարչակազմն ամրապնդվում է ու գնում է արտաքին քաղաքական զիջումների, իսկ մյուս կողմից` ընդդիմությունը պասիվացել է: Տպավորությունս այնպիսին է, որ մենք կրկին ականատեսը եղանք 1998թ-ի հրաժարականի: Ուղղակի այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց իշխանությունից, իսկ այժմ` ընդդիմությունից: 98-ին էլ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ Ղարաբաղի հարցում օրհասական պահ է ու ինքը հանուն խաղաղության է պայքարում, բայց պատերազմի կուսակցությունն է այժմ իշխանության գալիս, բայց պարզվեց, որ 10 տարի պատերազմ չեղավ: Այժմ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը նույն տեքստն է արտասանում, բայց արդեն ընդդիմադիր դիրքերից: Բա որ կրկին սխալվենք: Հիմա, եթե երկու ամսում Ղարաբաղի շուրջ ոչ մի բան տեղի չունեցավ` ի՞նչ ենք պատասխան տալու մեր բանտարկյալ ընկերներին, թե ինչու՞ դադարեցրեցինք պայքարը: Հիմա եթե 2 ամսում ոչ մի թուղթ չստորագրվեց, ինչո՞վ է հիմնավորվելու սխալ կանխատեսումը: Եվ վերջապես ի՞նչ է նշանակում 2 ամսում Ղարաբաղի հարցի լուծում: Այսինքն սպասենք, որ Ղարաբաղը Սերժը հանձնի ու հետո գանք ու ժողովրդական հուզմունքի վրա իշխանություն վերցնենք: Էդ ժամանակ էլ ու՞մ է պետք այդ իշխանությունը: Ընդհակառակը, իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի թույլ չտրվի ազգային դավաճանություն: Իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես չի մտածում, ուրեմն մենք մեր գլխի ճարը պիտի տեսնենք: Ինչպես Նիկոլն էր ասում, շարժումը Լևոնով չի պայմանավորված, Լևոնն ուղղակի առաջնորդում է այդ շարժումը: Պարոն Տեր-Պետրոսյան, թույլ մի տվեք, որպեսզի իշխանական իմ հասակակիցները հեգնանքով խոսեն մեզ հետ, թե տեսաք, որ ասում էինք Լևոնը պայքարող չէ՝ չէիք հավատում: Եթե պայքարը դադարի, ուրեմն իրենք ճիշտ են: Այդ դեպքում մենք այլ ճանապարհ կգտնենք:

Комментарии: 1:

В 19 ноября 2008 г. в 15:55 , Anonymous Анонимный сказал(а)...

Նախ` ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը ցանկանում է Ղարաբաղ հանձնել: Եվ բացի դրանից` ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանը չի մեծագույն մեղավորը:
Հիմա մենք մի այնպիսի իրավիճակում ենք, որ ստիպված ենք Սերժ Սարգսյանից խելամիտ քայլեր սպասել, առանց փողոց դուրս գալու: Այլ ելք չկա: Շարժման վերսկսումը վտանգավոր կլինի մեր երկրի համար: Երբ երկրի առաջ ծառացած են գլոբալ խնդիրներ, ապա մնացած խնդիրները պետք է մղվեն երկրորդ պլան: Որպես օրինակ` 90-ականների սկզբին Ադրբեջանում երկու հեղափոխություն տեղի ունեցավ, ինչը իր մեծ դերն ունեցավ մեր հաղթանակի վրա:
Իմ կարծիքով, Լուսինե, Լևոն Տեր-Պետրոսյանը քեզանից լավ է գիտակցում ստեղծված իրավիճակը:

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница